«Հայկական գինիները կարող են մրցունակ լինել եվրոպական շուկայում իրենց որակի և պատմության շնորհիվ»

Ժան-Բատիստ Սուլա
Ֆրանսիացի գինեգործ, «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սուլան բարձր է գնահատում հայկական գինիները, հիացմունքով է խոսում հայկական գինեգործության պատմության և ժառանգության մասին, ուրախ է, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել Հայաստանում և իր ներդրումը ունենալ հայկական գինեգործական լավագույն ավանդույթների վերածննդի գործում։ Հայկական գինիների որակի, նրանց ներուժի, ինպես նաև գինի վայելելու լավագույն վայրերի մասին կարող եք կարդալ Favlocations.am կայքին տված հատուկ հարցազրույցում։
Ինչպե՞ս ճակատագիրը կապեց Ձեզ Հայաստանի հետ։
Տասը տարի առաջ ես զանգ ստացա մի կնոջից, ով հարցրեց՝ կցանկանայի արդյոք դառնալ Հայաստանում գտնվող մի գինեգործարանի գլխավոր խորհրդատուն։ Ինձ համար Հայաստանը խորհրդավոր անուն էր: Իհարկե, ես ասացի, որ կարող եմ համագործակցել, քանի որ գիտեի՝ Հայաստանը գինեգործության հայրենիքն է: Մտքումս ասացի, որ նույնիսկ առանց աշխատավարձի կգնայի ու կաշխատեի Հայաստանում:
Դուք նախկինում լսե՞լ եք Հայաստանի մասին:
Իհարկե, լսել եմ Հայաստանի, հայերի մասին: Ո՞վ չի ճանաչում Շառլ Ազնավուրին, ֆրանսիացիները մեծ հարգանք են տածում նրա հանդեպ: Աշխատել եմ նաև Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում, եղել եմ թորման գործարանում, այնտեղ կար հայկական փոքր համայնք: Նրանք շատ համեղ էին պատրաստում: Միշտ կապեր էի հաստատում սփյուռքահայերի հետ:
Ինչո՞վ են տարբերվում հայկական գինիները:
Հայաստանի տերուարը` հողը, ջուրը, օդը, մարդիկ, կարծում եմ, նպաստավոր պայմաններ է ստեղծում գինեգործության համար: Այս առումով Հայաստանը օրհնված է. ունի խաղողի յուրահատուկ սորտեր, մասնավորապես Արենին... ամեն ինչ կատարյալ է: Նախորդ երեք սերունդները, ցավոք, մոռացության են մատնել Հայաստանում խաղողի մշակման և գինեգործության ավանդույթները, ուստի գինու մշակույթն ու գինիների նկատմամբ վերաբերմունքը մի պահ օտարացել էին մարդկանցից։ Բայց իրավիճակը փոխվում է։
Ո՞րն է Ձեր ամենասիրելի հայկական գինին:
Խոսելով Հայաստանի իմ սիրելի գինիների մասին` չեմ կարող չնշել «Արմենիա Վայն» ընկերության գինիների մասին։ «Արմենիա Վայն»-ը իմ փոքրիկի նման եմ սիրում, ընկերությանը մեծացրել եմ և ինքս էլ մեծացել եմ նրա հետ: Այսօր մենք համտեսեցինք «Արմենիա Վայն» ընկերության Ուլտրա-պրեմիում շարքի գինիները, որոնք իսկապես արվեստի գործեր են, ինչպես նաև բարձրակարգ գինիներ են` թե՛ գնային առումով, թե՛ որակի:
Բայց չպետք է մոռանալ, որ մենք նաև արտադրում ենք տարբեր սեգմենտների գինիներ` Premium- popular, Premium, Super-premium, Ultra premium, մենք չունենք Basic սեգմենտի գինիներ: Բայց մեր ամենամեծ մասսայականություն վայելող Armenia premium-popular կարգի գինիները քանակային առումով առաջին տեղում են` տարեկան միլիոնավոր շշեր, և մեր խնդիրն է տարիների ընթացքում ապահովել բրենդի շարունակականությունը և պահպանել արգոնալեպտիկ հատկանիշները, որը շատ ավելի բարդ է, քան սուպեր պրեմիում գինիները, որոնք քանակային առումով ավելի քիչ են: Armenia շարքի գինիների դեպքում մենք ունենք շուկայական պահանջ՝ որակի և գնի համապատասխանության խնդիր: Այս առումով Armenia գինիների որակը գնի համեմատ շատ ավելի բարձր է։
Ինչպիսի՞ն է հայկական գինիների ներուժը, օրինակ, Եվրոպայում։
Իրականում շատ դժվար է հայկական գինիները դուրս բերել եվրոպական շուկա, քանի որ հատկապես Եվրոպայի հարավային երկրները` Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան հայտնի են իրենց գինեգործական ավանդույթներով։ Այդ երկրների սպառողները վստահ են, որ գինին ծնվել է հենց իրենց երկրում և նախընտրում են միայն իրենց երկրների արտադրանքը։ Իրավիճակը փոխվում է հյուսիսային Եվրոպայում՝ Անգլիայում, Բելգիայում, Շվեդիայում, քանի որ նրանք չունեն զարգացած գինեգործական ավանդույթներ: Այս առումով հայկական գինիները Եվրոպայի հյուսիսային երկրներում ցուցադրելու հեռանկար եմ տեսնում: Նախ ուզում եմ ասել, որ շատ դժվար է եվրոպական շուկայում մրցակցությունը հենց գնի առումով, քանի որ եվրոպական սպառողը միշտ կարող է ավելի էժան տարբերակ գտնել: Արտահանման դեպքում գնագոյացման մեջ տրանսպորտի, մաքսային և այլ ծախսերը հսկահական բաժին են կազմում, հետևաբար՝ հայկական գինիներն ավելի թանկ են եվրոպական շուկայում:
Բայց պետք է գտնենք ճանապարհներ, որպեսզի ավելի ներկայանալի և գրավիչ դառնանք սպառողի համար: Ճանապարհներից մեկը հենց աչքի ընկնելն է: Ինչպե՞ս կարող ենք տարբերակել հայկական գինիները եվրոպական շուկայում: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել որակին` այն պետք է լինի ավելի մրցունակ։ Իսկ երկրորդը պատմությունն է: Եվրոպական սպառողին միշտ հետաքրքրում է գինու ստեղծման պատմությունը: Հատկանշական է, որ օրինակ Հայաստանում աճում է խաղողի ավելի քան 600 սորտ: Հենց սա այն է, ինչը կարող է հանդիսանալ մարքեթինգաին խթան՝ Եվրոպայում ավելի ներկայանալի դառնալու համար։
Որո՞նք են ձեր սիրելի վայրերը:
Իմ ամենասիրելի վայրերը շատ են: Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկը: Բայց եթե խոսենք ժամանցի վայրերի ու գինու մասին, կառանձացնեմ «Նազանի» ռեստորանը, որը գտնվում է Սասունիկում, ունի շատ լավ շեֆ խոհարար, որը համադրում է գինին և ուտելիքը` գինու մեջ հնեցված մսի տեսականիով, հացերով, պանիրներով՝ ճաշացանկը մեծամասամբ կապված է գինու հետ:
Կառանձնացնեմ նաև Մատենադարանը առաջին հերթին, որպես Հայաստանի սիրտ: Ամեն անգամ Հայաստան իմ այցերին անպայման Մատենադարանում եմ լինում: Թորոս Ռոսլինի մանրանկարներով եմ հիացած։
Սիրելի վայրերի ցանկում կառանձնացնեմ նաև Արենի քարանձավը, որտեղ եղել եմ մի քանի անգամ, տեսել եմ, թե ինչպես են հազարամյակներ առաջ իմ նման մարդիկ գինի պատրաստել, ու շատ եմ ոգեշնչվել:
Այս ամենը չէր լինի, եթե չլինեին մարդիկ: Հենց հայ մարդն է, որ ինձ ոգեշնչում է ամեն անգամ հետ վերադառնալ Հայաստան: Իմ շրջապատից կառանձնացնեի «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիրներին, որոնց հետ ունեմ շատ մտերիմ անձնական կապ անձնական, մարդկային, ինչպես նաև գործընկերներ, ովքեր ամեն անգամ ստիպում են ինձ հաճույքով և սիրով վերադառնալ Հայաստան:

Շնորհակալություն InVinoEVN-ին հրավերի համար: